Ամռանը գլուխ են բարձրացնում աղիքային հիվանդությունները. հակահամաճարակային տեսչության ներկայացուցչի զգուշացումները

21:47 • 21.07.12

«Որոշակի հիվանդություններ պայմանավորված են սեզոնայնությամբ, և ինչպես ձմռանն առավելի բնորոշ է շնչառական հիվանդությունների սրացումը, այնպես էլ ամռանը բնորոշ են աղիքային սուր վարակիչ հիվանդությունները՝ հերմինթոզները»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը` ավելացնելով, որ այս պահին հանրապետությունում համաճարակային իրավիճակ չկա:

 

Ամռանը աղիքային սուր վարակիչ հիվանդությունները, Լ.Ավետիսյանի խոսքով, պայմանավորված են մրգերի ու բանջարեղենի շատ օգտագործմամբ, սննդամթերքի ոչ ճիշտ պահպանմամբ և մի շարք այլ գործոններով, որոնք ունենում են ուղղակի և անուղղակի հետևանքներ:

 

Համաճարակաբանության տեսչության պետի խոսքով` ուղղակի հետևանքները կապված են արևի հետ, ուստի արևահարվելուց խուսափելու համար ամռանը հարկավոր է կեսօրից մինչև երեկոյանը ժամը 17:00-ն չլինել դրսում, կամ դրսում հայտնվելիս, գոնե, քայլել ստվերոտ հատվածներով: Արևից պաշտպանվելու համար Լիլիթ Ավետիսյանը նաև խորհուրդ է տալիս՝ կրել սպիտակ, կարմիր և կապույտ գույների հագուստներ, օրական 2 լիտրից պակաս հեղուկ չօգտագործել:

 

Ամռան տապից անուղղակի առաջացող հետևանքները մասնագետը հիմնականում պայմանավորում է սննդակարգի պահպանման հետ: Նա խորհուրդ տվեց պահպանել ձեռքերի հիգիենան՝ և զուգարանից օգտվելուց, և սնվելուց առաջ անպայման լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ, շատ լավ լվանալ միրգը, բանջարեղենը, կանաչին, չսնվել դրսում, գնումներ չկատարել պատահական վայրերից, հետևել սննդի մակնշմանը` պահպանման ժամկետներին ու պահպանման պատշաճ կարգին, այսինքն` հատկապես խմորեղենն ու կաթնամթերքը գնել այնպիսի վայրերից, որտեղ դրանք պահվում են սառնարաններում:

 

«Շատ կարևոր է, որ մեր բնակչությունն ունենա այս գիտելիքները և շատ կարևոր է, որ մամուլի՝ նման հաղորդումների միջոցով, մենք կարողանում ենք ազգաբնակչությանը փոխանցել այս տեղեկությունները: Եվս մեկ հարցի վրա էլ եմ ցանկանում ուշադրություն հրավիրել` չի կարելի օգտվել դեկորատիվ շատրվաններից, որոնք ոչ թե լողանալու համար են, այլ էսթետիկական նշանակություն ունեն: Նման շատրվաններում երեկոյան մարդիկ շներին են լողացնում, իսկ շատրվանների ջուրն էլ լողանալու ջուր չէ: Մեծ է նաև սնկային հիվանդություններով վարակվելու հավանականությունը»,- մեզ հետ զրույցն ամփոփեց Լիլիթ Ավետիսյանը: