Պայթեցվեց Կրկեսի գմբեթը, տուժածներ չկան (լուսանկարներ, տեսանյութեր)

17:59 • 21.07.12

Քիչ առաջ ավարտվեց Երևանի կրկեսի շենքի գմբեթի ապամոնտաժումը՝ պայթեցման միջոցով: Պայթեցման աշխատանքներն իրականացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթեցման խումբը: ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը վստահեցրեց, որ պայթեցումը անցել է առանց միջադեպերի, չկան տուժածներ, չեն վնասվել դիմացի շենքերի ապակիները:

 

«Կրկեսի գմբեթը հանգիստ, առանց շենքի կողքի պատերը քանդելու և վնասելու՝ իջավ ներքև: Կողքի պատերը մեզ պետք են նոր կրկես կառուցելու համար, որպեսզի չընկնի շենքի ճարտարապետական տեսքը»,-ասաց նա և վստահեցրեց, որ շենքի հիմքը ևս որևէ կերպ չի խախտվի:

 

Նշենք, որ ԱԻ նախարարությունը նախօրոք հայտարարել էր, որ կրկեսի շենքի գմբեթի պայթեցումը կիրականացվի այսօր՝ ժամը 14:45-ից մինչև 15-15-ը, սակայն այն իրականացվեց 16:40-ին: Հարցին, թե ո՞րն էր ուշացման պատճառը, Մուշեղ Ղազարյանը պատասխանեց. «ԱԻՆ-ը միշտ անվտանգության կողմնակիցն է և մենք կատարված նախապատրաստական աշխատանքները պարտավոր էինք ևս մեկ անգամ ստուգել: Միայն դրանից հետո տվեցինք պայթեցման թույլտվությունը»,- ասաց նա:


Նշենք, որ պայթեցումն իրականացնելու համար օգտագործվել է նիտրոգլեցիրին, որը, ըստ ԱԻՆ աշխատակցի, տեղային պայթյուն է առաջացնում և ալիք չի ստեղծում: 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի