Արցախի ընտրություններն արդարացրին բոլոր սպասելիքները. քաղաքագետ
Պետականության կառուցման գործընթացում իրենց կարևոր դերակատարությունն ունեն ընտրությունները, որոնք իրականացնում են մի շարք գործառույթներ, իսկ ցանկացած ընտրությունների հիմնական գործառույթը ժողովրդավարական իշխանությունների ձևավորումն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Այս գործառույթի տեսանկյունից Արցախի ընտրություններն արդարացրին բոլոր սպասելիքները: Դրա մասին խոսվում է ոչ միայն երկրի ներսում, այլ նաև այն հայտարարությունների մեջ, որոնք ներկայացված են և ընդունվում են ընտրություններից հետո: Երկրորդ՝ իշխանության ձևավորմանը զուգընթաց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ընդդիմության ձևավորում ու կայացում՝ որպես կարևորագույն տարրերից մեկը՝ քաղաքական համակարգի շրջանակներում»,-ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ վերջին ընտրությունների արդյունքում ընդդիմադիր թեկնածուներից Վիկտոր Բալասանյանը ստացավ ձայների 1/3 մասը, ինչն աննախադեպ ցուցանիշ էր և Արցախում ձևավորվող քաղաքական համակարգի ապացույցը:
«Ընտրությունների հաջորդ գործառույթը քաղաքական համակարգի լեգիտիմացումն է: Լեգիտիմացում, որը տրվում է իշխանություններին՝ ընտրությունների արդյունքում, Արցախում փաստ է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրացված հիստերիային՝ կապված Արցախի նախագահական ընտրությունների հետ, Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ վերջինիս արձագանքը մեղմվել է:
«Ադրբեջանիցիների արձագանքները մի կողմից մեղմվել են, որովհետև հասկանում են, որ Արցախում աստիճանաբար պետականաշինական գործընթացներ են տեղի ունենում: Մյուս կողմից, պարզ է դառնում է, որ ի հայտ է գալիս նոր սերունդ, որն հասկանում է, որ Արցախը անկախ պետություն է՝ սեփական ավանդույթներով, քաղաքական նախապատմություններով և նախասիրություններով»,-ասաց նա:









