Աշտարակի երկու բնակիչ թմրանյութ պատրաստելու և ներարկվելու պահին հայտնաբերվել ու բերման են ենթարկվել

10:18 • 21.07.12

Հուլիսի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ե. Շահազիզի և Վանի Հերոսների փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող այգում թմրանյութ պատրաստելու և ներարկվելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել 1966 թ. ծնված Նորայր Պ.-ին և 1976 թ. ծնված Հայկ Մ.-ին:

 

Նշված վայրից հայտնաբերվել են ներարկման համար նախատեսված ասեղով հարմարեցված 6 մլ տարողության ներարկիչ` 3 մլ շագանակագույն հեղուկով, դատարկ, օգտագործված 22 մլ տարողության 2 ներարկիչ, դատարկ, օգտագործված 6 մլ տարողության 2 ներարկիչ, 2 մետաղյա թաս, 20 մլ տարողության ապակյա սրվակ` մետաղալարե բռնիչով, ձագարի նմանվող պլաստմասսե տարայի կտրված հատված, 0.5 լ տարողության պլաստմասսե շիշ` դեղնավուն հեղուկովով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, պոլիէթիլենային փաթեթով բամբակ և 4 տուփ լուցկի:

 

Հայկ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ ներարկիչում առկա թմրանյութն ինքն է պատրաստել իրենց օգտագործման համար, իսկ 6 մլ տարողության ներարկիչներից մեկում եղած թմրանյութն արդեն օգտագործել է:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նորայր Պ.-ն և Հայկ Մ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: