Բրիտանական ոստիկանական շներին տեսախցիկներով են «զինել»
Մեծ Բրիտանիայում ոստիկանական շների վրա թվային տեսախցիկներ են հագցնում, որոնք կօգնեն հանցագործների որոնումների ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Նման փորձեր նախկինում ևս կատարվել են, սակայն մինչ այս ոստիկանական շներին անալոգային տեսախցիկներ էին տալիս, որոնք գործողության փոքր տեսադաշտ ունեն: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա ավելի հստակ պատկեր ստանալ ավելի մեծ հեռավորության վրա:
Երկրում նման կերպ համալրված առաջին ստորաբաժանումը Սթաֆֆորդշիր դքսության ոստիկանությունն է: 10 հազ ֆունտ ստեռլինգ արժեցող առաջին տեսախցիկներով համալրվել են 20 շներ:
«Սարքը հիանալի է, այն ամրացվում է շան գլխին, և մենք կարող ենք ուղիղ եթերով դիտել, թե ինչ տեսարան է բացվում: Եթե մենք մարդ ենք որոնում, որը վտանգ է ներկայացնում, մենք կարող ենք տեսախցիկով շանը ուղղորդել՝ նրան գտնելու», - նշել են Սթաֆֆորդշիրի ոստիկանությունում:
Ոստիկանները համոզված են, որ նման սարքերի կիրառումը անփոխարինելի է թմրավաճառքի դեմ պայքարում, ինչպես նաև օրինախախտներին հետապնդելիս:
Բացի այդ իրադարձությունները տեսագրվում են և հետագայում կարող են դատարանում որպես ապացույց օգտագործվել:









