ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման վճիռը նաև ուղերձ էր ուղղված հասարակությանը. Վլադիմիր Կարապետյան

11:49 • 21.07.12

Տիգրան Առաքելյանին 6 տարով, իսկ ՀԱԿ մյուս ակտիվիստներին 2-3 տարով ազատազրկման ենթարկելու դատարանի հրապարակած դատավճիռը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը քաղաքական պատվեր է համարում:


«Դատարանը չկարողացավ վեր գտնվել այդ պատվերից: Հասկանալի է, որ գործն ամբողջությամբ սարքված էր, որ առանց դնչկալի շուն էին ման ածում և իբրև թե դա պատճառ դարձավ: Ափսոսանք եմ հայտնում, որ մեզանում քաղաքական բանտարկյալ ունենալու ավանդույթը, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, և նման սարքված գործերը շարունակվում են Հայաստանում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ՝ այս վճիռը նաև ուղերձ էր հասարակությանը. «Որ չեն պատժվելու Նեմեց Ռուբոները, չեն պատժվելու այն մարդիկ , ովքեր ծեծում են մարդկանց, և հակառակը, եթե իրենք հանրապետական են՝ ստանալու են նախարարական պաշտոններ: Իսկ ժողովրդավարական Հայաստանի համար պայքարող երիտասարդները կրելու են նման պատիժներ»:



Թե ո՞րն է լինելու ՀԱԿ-ի համարժեք քայլը և, արդյո՞ք, ՀԱԿ-ը կսահմանափակվի հերթական հայտարարությամբ՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հայտարարությունը միջոց է հասկանալու, թե ի՞նչ գնահատական է ՀԱԿ-ը տալիս իրադարձությանը:


«Կարծում եմ, որ ավելի ակտիվ պայքար պետք է մղվի, ակցիաներ և միջոցառումներ պետք է անցկացնենք: Նաև մեր գործընկերներին, ովքեր վերջերս սկսել էին հաճոյախոսել իշխանություններին, հատկապես, այն երկրների դեսպաններին, որտեղ կտրուկ աճել են Հայաստանից արտագաղթողների թիվը, հասկացնենք, որ դրական փոփոխություն Հայաստանում չի եղել և քաղաքական հետապնդումներն այս երկրում շարունակվում են»,-ասաց նա:

 

Դատավճռի դեմ բողոքարկում, ՀԱԿ անդամի հավաստմամբ, բնականաբար, կլինի: Վճռից հետո ակտիվիստներն, ըստ նրա, զայրացան են, սակայն ոչ ընկճված. «Բնականաբար, զայրացան են, միևնույն ժամանակ պայքարը շարունակվելու է, որտեղ էլ լինեն տղաները: Հույս ունեմ, որ կլինեն ազատության մեջ, բայց իրենց վճռականությանը, որ կշարունակեն պայքարը՝ չեմ կասկածում»:


Հնչում են տեսակետներ, թե սա միջոց էր հասարակությանը «Հարսնաքարի» գործից շեղելու համար, սակայն ՀԱԿ անդամն այդքան էլ համակարծիք չէ և նկատում է. «Չէի ցանկանա մեկը մյուսի հետ կապել: Այնքանով է կապված, որ մի հարցում Սերժ Սարգսյանը վերցնում է պաշտպանության տակ օլիգարխներից մեկին և հատուկ արտոնյալի կարգավիճակով է իրեն պահում, իսկ արդարությունից ամեն օր խոսող իշխանությունը քաղաքական հաշվեհարադար է տեսնում և քաղաքական պատանդներ ունենալու գործելաոճով առաջնորդվում»:

 

Բոլոր դեպքում, Վլադիմիր Կարապետյանը հույս ունի, որ կհնչի հասարակության համարժեք արձագանքը «իշխանությունների և իրավապահ մարմինների նման վճռի» դեմ:

 

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության համապատասխան բաժին:

 

Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք: Արդյունքում վերջինս դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

 

Արտակ Կարապետյանին առաջադրվել էր՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք, վերջիններս դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման: