Վանաձորցի զինվորը մահացել է ստամոքսի խոցից
Այսօր՝ հուլիսի 21-ին, Վանաձորում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:
Ըստ հաղորդագրության՝ Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի և զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անց էր կացնում Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:
Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով և նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվել է վերջին պատվո հարգանքը:
Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:
Նշվում է նաև, որ դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:
Հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին:









