Գլխավոր դատախազի շարասյան ընթացքին խոչընդոտած «Լեքսուսը» տեղափոխվեց տուգանային հրապարակ (լուսանկերներ)

13:18 • 22.07.12

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Լեքսուս» մակնիշի 111 ՍՕ 10 համարանիշի ավտոմեքենան:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդը 2 օր առաջ, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, խոչընդոտել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենայի ընթացքին` ստեղծելով վթարային իրավիճակ:


Այդ ամենը տևել է «Բելաջիո» ռեստորանային համալիրից մինչև գազանանոց ընկած հատվածը:


Միայն դեպքի հաջորդ օրը ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և տեղափոխել ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված «Լեքսուսը» հաշվառված է «Սամօջախ» ՍՊԸ-ի հաշվեկշռին: Այս ընկերությունը Հայաստան է ներմուծում սանտեխնիկա:
 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի