Հրշեջ-փրկարարները հրդեհված բնակարանից դուրս են բերել 2 անչափահաս տղաների (լուսանկարներ)

16:34 • 22.07.12

Այսօր` հուլիսի 22-ին, բնակարան է հրդեհվել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացել, որ Իսակովի 52/4 շենքի 8-րդ հարկում գտնվող 16-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:


Շտապ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևանի փրկարար վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ` ավտոսանդուղքով, ինչպես նաև Փրկարար ուժերի վարչության (ՓՈւՎ) հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:


Դեպքի վայր են մեկնել նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և ՓՈւՎ հատուկ փրկարար ջոկատի 4-րդ փրկարար խումբը:

Դեպքի վայրում եղել են նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Ժամը 13.20-ի սահմաններում փրկարարների և հրշեջ-փրկարարների համատեղ ուժերով կոտրվել է հրդեհվող բնակարանի դուռը, և բնակարանից դուրս են բերվել 7-ամյա Արսեն և 4-ամյա Արտյոմ Սարգսյանները:


Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում երեխաների վիճակը գնահատվել է բավարար, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակարանում հրդեհվել է էլեկտրական թեյնիկը, սեղանը և խոհանոցի հատակի մի մասը: