Օբաման կհանդիպի Կոլորադոյի կինոթատրոնում սպանվածների հարազատներին

10:26 • 22.07.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխել է աշխատանքային այցերի ժամանակացույցը` հանդիպելու համար Կոլորադոյի կինոթատրոնում հուլիսի 20-ին հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին:


Այսօր նախագահը մեկնելու է Ավրորա քաղաք, որտեղ հանդիպելու է զոհվածների հարազատների հետ: Նա նաև զրուցելու է տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:


Այժմ ԱՄՆ-ում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, դեմոկրատ Օբաման և նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին դադարեցրել են իրենց քարոզարշավը` հարգելով զոհերի հիշատակը:


Օբամայի հրամանով երեկվանից ողջ երկրում իջեցվել են պետական դրոշները:

ԱՄՆ նախագահը միջադեպի մասին տեղեկացել է վաղ առավոտյան: Նա կարճ ելույթ է ունեցել իր կողմնակիցների հետ հավաքի ընթացքում, ինչից հետո վերադարձել է Սպիտակ տուն` իրավիճակին ծանոթանալու համար:

«Քաղաքականության համար ժամանակ դեռ կլինի: Առաջիկա օրերը պետք է անցկացնել աղոթքով»,-ասել է նախագահը:

Երեկ երեկոյան ոստիկանությանը հաջողվել է մտնել կինոթատրոնում հանդիսատեսների վրա կրակ բացելու մեջ կասկածվող Ջեյմս Հոլմսի տունը, որն ականապատված է եղել:
 

Ոստիկանությունը վնասազերծել է պայթուցիկներից մեկը, իսկ այլ սարքեր չեզոքացնելու համար պայթեցում է իրականացրել: