ՀԱԿ երիտասարդների դատավարությունն ամբողջովին քաղաքական է. Սաքունց

11:36 • 22.07.12

Ոստիկանության աշխատակիցները հենց սկզբից, երբ իմացել են, որ միջադեպի մասնակիցները «Հայ ազգային կոնգրեսի» անդամներ են, դրսևորել են ագրեսիվ վարք, ինչն ապացուցում է, որ հենց սկզբից այդ ամենը քաղաքական հետապնդում է եղել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։


«Նախ հենց սկզբից, երբ ոստիկաններն իմացել են, որ գործ ունեն ՀԱԿ երիտասարդների հետ սկսել են ավելի ագրեսիվ գործել, և հենց այդ տեսակետից կարող ենք ասել, որ սկզբից եղել է քաղաքական բնույթի: Ես այդ իսկ պատճառով չեմ գտնում, որ տեղի է ունեցել օբյեկտիվ դատավարություն, այլ եղել է քաղաքական պատիժ»,- ասաց Արթուր Սաքունցը:


Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հուլիսի 20-ին դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ ՀԱԿ մյուս երիտասարդները՝ Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2-3 տարի ժամկետներով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը ստորագրությամբ երկրից չբացակայելն է, սակայն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մյուս տղաները նույնպես կտեղափոխվեն քրեակատարողական հիմնարկ:


Արթուր Սաքունցը նշեց, որ ՀԱԿ երիտասարդների գործողություններում առհասարակ խուլիգանություն որպես այդպիսին չի եղել։


«Հիշում եք չէ՞, որ Տիգրան Առաքելյանը, մինչ այս գործը ոստիկանին հարվածել էր տարայով, և հենց այս դատավճռով էլ ոստիկաններն ուզում էին պատժել, որ նա այլևս ոչինչ չանի: Սա նաև առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնին կարելի է տեսնել, և պատժվում է ՀԱԿ-ը, չէ որ 5 ( 7 ամիս – Թերթ.ամ) ամիս մնաց մինչ նախագահական ընտրությունները»,- նկատեց Արթուր Սաքունցը:


Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք: