Պարզվել է, որ Արարատում վթարի արդյունքում մահացած երիտասարդ աղջիկը Ջերմուկի քաղաքապետի ազգականն էր (լուսանկարներ)

22:19 • 22.07.12

Պարզվել են այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած և վիրավոր անձանց ինքնությունը: Ինչպես tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին տեղափոխվել «Ֆոլցֆագեն-Պասսատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի վարորդ, 23-ամյա Սիրանույշ Տեր-Թադևոսյանը, ուղևորներ, 25-ամյա Լիլիա Հակոբյանը, և 26-ամյա Ստելա Յուզբաշյանը: 3-ն էլ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն: Իսկ մահացածը ուղևոր, 26-ամյա Սառա Գալստյանն էր: Գ. Շամշյանը հայտնում է, որ Լ. Հակոբյանն ու Ս. Յուզբաշյանը տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով մահացած Ս. Գալստյանը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ազգականն էր, և մասնագիտությամբ՝ վարսահարդար:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում «Ֆոլցվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով մի հոգի մահացել է, ևս 3-ը տեղափոխվել էին Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ով երիտասարդ աղջիկ է: Ավտոմեքենայում եղել է 3 ուղևոր, ովքեր ևս երիտասարդ աղջիկներ են եղել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը ` քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը: Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտովթարից հետո վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել այդտեղով անցնող պատահական մարդիկ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի