4 երիտասարդ աղջիկների «Ֆոլցվագենը» գլխիվայր շրջվել է. 1-ը մահացել է, 3-ը վիրավոր են (լուսանկարներ)

19:19 • 22.07.12

Այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում «Ֆոլցվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով մի հոգի մահացել է, ևս 3-ը քիչ առաջ տեղափոխվեցին Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ:
 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ով երիտասարդ աղջիկ է: Ավտոմեքենայում եղել է 3 ուղևոր, ովքեր ևս երիտասարդ աղջիկներ են:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը ` քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը:

Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել մահացած և վիրավոր անձանց ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտովթարից հետո վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել այդտեղով անցնող պատահական մարդիկ: 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի