Մայքլ Ջեքսոնի մայրը գտնվել է. դուստրը նրան թաքցրել էր ընտանիքից
Հայտնի է դարձել նախորդ շաբաթ անհետ կորած և ոստիկանության կողմից փնտրվող Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրին Ջեքսոնի գտնվելու վայրը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը նախորդ շաբաթ ոստիկանություն էր դիմել 82-ամյա Քեթրինի անհետանալու կապակցությամբ այն բանցի հետո, երբ Ջեքսոնի մայրը դադարել էր հեռախոսազանգերի պատասխանել:
Օրեգոն նահանգի իշխանությունների խոսքով կինը իր դստեր Ռեբբիի ուղեկցությամբ գտնվում է բժիշկների հսկողության ներքո նահանգի հիվանդանոցներից մեկում:
Ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները մեծ աղմուկ բարձրացրեցին տարեց կնոջ անհետացման կապակցությամբ, այն բանից հետո, երբ Քեթրինի հարազատներն շուրջ մեկ շաբաթ չէին կարողանում գտնել նրան:
Նրա ներկայացուցիչ Սանդրա Ռիբերան ոստիկանությանը տեղեկացրել էր, որ 82-ամյա Քեթրինը հուլիսի 15-ին դուրս է եկել տնից, որպեսզի այցելի Ալբուկերկե քաղաք, որտեղ պետք է ներկա լիներ Ջեքսոնների ընտանիքի որոշ անդամների տված համերգին, սակայն կինը տեղ չէր հասել, և նրանից ոչ մի տեղեկություն չկար:
Սակայն այսօր Մայքլի եղբայր Ջերմեն Ջեքսոնը հայտարարել է, որ բժիշկներն իր 82-ամյա մորը խորհուրդ են տվել հանգստանալ, և վերջինս էլ անջատել է հեռախոսը:









