Կայացել է Հայաստանի ոստիկանության և ՌԴ ՆԳՆ-ի միավորված կոլեգիայի նիստը

00:01 • 23.07.12

2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նիստին մասնակցել են միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի և օպերատիվ վարչությունների պետերը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց` 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի  ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:

 

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվել, որ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով՝ հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը՝ միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաև նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:

 

2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի իրավապահների կողմից, միևնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է Ռուսաստանի կողմից հետախուզվող 192 անձանց:

2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ, հակառակ ուղղությամբ` 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից: 2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:

 

Նիստի ընթացքում նշվեց, որ զարգանում է նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը: Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվում օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի կամ Հայաստանի տարածքում ձերբակալված անձանց, ինչպես և թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղիների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:

 

Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: Այն տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանում: