Հրաձգարանում լրագրողներն են
ՀՀ ոստիկանությունը, հասարակության հետ կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների և լրագրողների հետ համագործակցության շրջանակներում, լրագրողների համար կազմակերպվել էր այցելություն Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող` ՀՀ ոստիկանության հրաձգարան՝ հրաձգություն կատարելու համար:
Մինչ լրագրողները կանցնեին հրաձգարան` մարտական կրակ բացելու, տեղում բոլորին ներկայացվեցին անվտանգության ու հրազենից օգտվելու տարրական կանոնները: Լրագրողներն իրենց հմտությունները ցուցադրեցին «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի հրազենից:
Յուրաքանչյուր լրագրող կրակեց 5 փամփուշտ 20 մետր հեռավորության վրա գտնվող թիրախին. լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին լրատվական հաղորդման լրագրող Հայկ Հովհաննիսյանը, 2-րդը` «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդման լրագրող Կարեն Խաչատրյանը, իսկ հաղթող ճանաչվեց «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը:
Հրաձգությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, վերջինս առաջին իսկ կրակոցով դիպավ 10 նշանակետին:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս միջոցառումը կազմակերպվում է հասարակության հետ կապերի և մասնավորապես լրագրողների հետ երկկողմ համագործակցությունը ընդլայնելու համար:
Նշենք, որ միջոցառումը ունենալու է շարունակական բնույթ, և տարվա մեջ մի քանի անգամ լրագրողներն ու ոստիկանությունը անց են կացնելու հրաձգության դասընթացներ:









