ԼՂՀ նախագահը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հուլիսի 23-ին, ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին, այս մասին հայտնում են Սրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԼՂՀ նախագահը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը մշակութային նման միջոցառումը նշանակալի է համարել հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական:
Նա նշել է, որ այն հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:
Հանդիպմանը մասնակցում են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:










