Համահայկական օլիմպիադայի նպատակն է Սփյուռքում և Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիների

17:48 • 23.07.12

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

 

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքում և Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիներ, ինչպես նաև ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքների սահմանները:


Համահայկական օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես:


«Անցյալ տարի երկրի նախագահի հետ հանդիպման ընթացքում համահայկական հայագիտական օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրանք-առաջարկ ուղղեց նախագահին` հայագիտականից զատ համահայկական օլիմպիադա կազմակերպել նաև այլ առարկաների գծով. մեկ տարի անց երկրի նախագահի աջակցությամբ այդ աղջնակի խնդրանքը դարձավ իրականություն: Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որը բերելու է կրթական համահայկական նոր ավանդույթի ձևավորման. երկու տարին մեկ անցկացվող համահայկական փառատոններն այսուհետ կընդլայնեն իրենց առարկայացանկը` ավելացնելով նաև քիմիա և կենսաբանություն առարկաների մրցույթները»,- ասել է նա:


«Կրկին ողջունում եմ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ովքեր, մրցելով իրենց գիտելիքներով, ապացուցում են, որ պայծառ է հայ միտքը, բաբախում է հայ երիտասարդ սերնդի ինտելեկտուալ կարողությունը: Շնորհակալություն ձեզ` նվիրվածության համար, հավատ առ գիտելիք, սեր առ հայրենիք: Վստահեցնում եմ, Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել թե’ մեր երկրում կրթության որակի բարելավման, թե’ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մեջ կրթական ոլորտի ծրագրերն առաջնահերթություն դիտարկելու տեսանկյունից»,– ասել է  Արմեն Աշոտյանը։ 


Օլիմպիադայի մասնակիցներին իր օրհնությունն է հղել Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը:
 

Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից և Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի  ներկայացուցիչներ:


Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական և երկու մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով: Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները www.olymp.am կայքում երկու անգամ հրապարակել են առաջադրանքներ և խնդիրներ` առաջարկելով աշակերտներին` երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

 

Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը և փոխանցել հաղթող մասնակիցների ցուցակը:

 

Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները: Օլիմպիադան կտևի մեկ շաբաթ. փակման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին: