Անօթևան ընտանիքների՝ նոր բնակարան ունենալու երազանքները, չեն իրականանա. «Շիրակ կենտրոն»
24 տարի շարունակ տնակներում մի կերպ պատսպարված գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների նոր բնակարան ունենալու երազանքը այդպես էլ չի իրականանա: Այս մասին հայտնում է Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ը:
Բանն այն է, որ ներկայումս Գյումրիում բնակբաշխման գործընթացը իրականացնող հանձնաժողովը հարյուրավոր ընտանիքների տարբեր պատճառներով չի ճանաչել որպես շահառու: Տասնյակ ընտանիքներ թեև կշարունակեն մնալ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն նրանց` բնակարան ստանալու մասին դիմումները մերժվել են: Նման իրավիճակում հայտնված ընտանիքները հիմնականում հայտնվել են անելանելի վիճակում:
Գյումրու 205/100 տնակում` իրենց 2 անչափահաս երեխաների հետ բնակվող Թարբոշյանների ընտանիքի բախտը ևս չի բերել: Բնակարանների բաշխման հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, նրանց ընտանիքին մերժել են այն պատճառաբանությամբ, որ ընտանիքի մայրը մահացել է, իսկ որդու` Աշոտի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն բնակչության պետական ռեգիստրում 1993-1995 թթ.-ի հաշվառման տվյալներ չեն պահպանվել:









