Այդ տեսակը մենք չունենք. Սոս Սարգսյանը՝ Գալյա Նովենցի մասին

18:14 • 23.07.12

Ի տարբերություն հայկական սիրված ֆիլմերում մարմնավորած կերպարներին՝ իրական կյանքում Գալյա Նովենցը շատ համեստ էր, չափազանց զուսպ և մեծամասամբ լռակյաց. այսպիսին է հիշում նրան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

 

«Կյանքում նա շատ խելացի և լավ ընկեր էր, բարի աղջիկ: Իսկ որպես դերասանուհի՝ նա անկրկնելի ու անփոխարինելի էր: Այդ տեսակը մենք չունենք՝ ինքնուրույն, ինքնատիպ և շատ տաղանդավոր: Զարմանալի երևույթ էր մեր թատրոնում և կինոյում»,- Tert.am-ի հետ զրույցում դերասանուհու մասին հիշողություններով կիսվեց Սոս Սարգսյանը:


Հայտնի դերասանը հիշում է, որ Գալյա Նովենցի խաղընկերը լինելն իր համար առանձնակի հաճույք էր. «Ինձ բախտ վիճակվեց խաղալ նրա հետ մի քանի ֆիլմերում: Իմ մեջ լավագույն զգացողություններն ու հիշողություններն են: Լավ դերեր նա հասցրեց խաղալ և ցույց տալ իր տաղանդն ամբողջությամբ, նա շատ հրաշալի էր խաղում»:


Վերջին անգամ ժողովրդական արտիստը չի հիշում, թե երբ է տեսել խաղընկերուհուն. «Վաղուց չեմ հանդիպել, վերջին անգամ 10 տարի առաջ հավանաբար: Համազգային թատրոնում «Մի կաթիլ բարություն» ներկայացմանն եմ տեսել, հրաշալի դեր էր խաղում: Դա վերջինն էր, որովհետև Հայաստանում չէր, անընդհատ թոռների մոտ էր՝ Միացյալ Նահանգներում: Շատ եմ ցավում, որ այսպիսի վախճան ունեցավ՝ ժամանակից շուտ»: