Տավուշի մարզում Վարդավառը ավարտվել է սպանությամբ (լուսանկարներ)

10:03 • 23.07.12

Այսօր՝ հուլիսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Տավուշի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ի սահմաններում Ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Ջինգլ տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ մի քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել:


Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ:


Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի մի քանի քննիչներ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:


Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված վայրում տեղի է ունեցել Վարդավառ, որի ժամանակ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Նշենք, որ Հայաստանի որոշ մարզերում Վարդավառը նշվել է երեկ, և ոչ թե նախորդ կիրակի:


Վիճաբանության ժամանակ Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Վրեժ Մելիքյանը իր մոտ եղած դանակով 5-6 անգամ հարվածել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին:


 Վիճաբանության մասնակիցները, տեսնելով, որ Խ. Խաչատրյանի վիճակը ծանրանում է, նրան դեպքի վայրից տեղափոխել են գյուղի բուժքրոջ տուն, որտեղ էլ նա մահացել է:


Այս պահին Ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ, դեպքի վայրում փորձում են գտնել դանակը, քանի որ Վ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հարվածներից հետո դանակը նետել է:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցի շուրջ, որի ժամանակ Խ. Խաչատրյանը ապակե տարայով հարվածել է ներկա գտնվողներից Մանվել անունով մի քաղաքացու գլխին, ով ստացել է մարմնական վնասվածք: Դրանից հետո Վ. Մելիքյանը հարձակվել է Խ. Խաչատրյանի վրա, քանի որ Մանվելը եղել է նրա հոր ընկերը, և սկսել է լեզվակռիվ, որին հաջորդել է վիճաբանություն:

Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանություն կատարողը նախկինում դատապարտված է եղել գողության և զինվորականին դանակահարելու համար:

 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Բերդի ոստիկաններին՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի և նրա օպերգծով տեղակալ Ադամ Պողոսյանի գլխավորությամբ, հաջողվել է բացահայտել սպանությունը դեպքից ընդամենը երկու ժամ անց: Բերդ-Իջևան ավտոճանապարհին Վ. Մելիքյանը հայտնաբերվել է և վնասազերծվել:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի