Վայոց Ձորում մեքենան մոտ 30մ գլորվել է ձորը, այնուհետև հրդեհվել. կա 2 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

01:15 • 23.07.12

Այսօր՝ հուլիսի 23–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00.00-ի սահմաններում «Ռենո» մակնիշի Լ 3717 ավտոմեքենայի վարորդ 35–ամյա Արթուր Սարգսյանը Երևան–Մեղրի ավտոճանապարհի 168–րդ կմ-ին` դեպի Երևան ընթանալիս, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Վայք ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը։


Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն, որից հետո առաջացել է հրդեհ։

Վարորդն ու կողքի ուղևորուհին՝ Երևանի բնակիչ Արևիկ Գրեյանը, հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից, իսկ երկու ուղևորները, որոնք, ըստ վարորդի հայտարարության, կանայք են, դժբախտաբար չեն կարողացել դուրս գալ և վառվել են։


Վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են Վայքի հիվանդանոց։ Այս պահին Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու ԱԻՆ–ի փրկարարները քաղաքացիների հետ փորձում են մահացածների այրված մարմինները դուրս բերել ավտոմեքենայից։

Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչները։


 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի