«Մերսեդեսը» վթարից հետո հայտնվել է գետում. կա մեկ զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

08:40 • 24.07.12

Այսօր հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 280» մակնիշի 09 ԼՏ 282 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով հայտնվել գետում:


Ինչպես Tert.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Զատիկ Թորոսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Աբովյան քաղաքի Դարանի 6/53 շենքի բնակիչ 29-ամյա Հակոբ Դովլաթյանը, ով աշխատում է «Սամկոն» ՍՊԸ-ում վարորդի հետ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն:


Հրազդան բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Դովլաթյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան տեղափոխելու են Երևան:

Գ. Շամշյանը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը վիրավորներին ձորից դուրս են բերել և հիվանդանոց տեղափոխել վթարի վայրի հարևանությամբ գտնվող մեղվապահները:


Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալն ու Հրազդանի քննչական բաժանմունքի քննիչը:


Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի