Աղդամի ազատագրումը պատմական մեծ նշանակություն ունեցավ. պատմաբան

14:09 • 24.07.12

Աղդամի ազատագրումը՝ 1993թ. հունիս 23-ին, պատմական մեծ նշանակություն ունեցող երևույթ էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: «Ստեփանակերտի համար Աղդամը փորձանք էր, որտեղից անընդհատ ռմբակոծում էին»,-ասաց նա:

 

Պատմաբանը Արցախի ազատագրական պայքարը բաժանեց մի քանի փուլերի: Ըստ նրա, ղարաբաղյան պատերազմի ռազմական կարևոր օպերացիաներից հետո՝ Շուշիի ազատագրում, Լաչինի միջանցքի բացում, երկրորդ կարևոր բեկումը Քելբաջարի ազատագրումն էր, ինչի արդյունքում թշնամու ողնաշարը կոտրվեց և բացվեց երկրորդ ցամաքային ճանապարհը՝ Վարդենիս- Մարատկերտ ճանապարհը սկսեց գործել:

 

Հաջորդ կարևոր մարտական գործողությունն, ըստ պատմաբանի՝ Աղդամի ազատագրումն էր: Էդիկ Մինասյանը հիշեցրեց, որ Աղդամը՝ Ադրբեջանը վերածել էր ազգայնամոլության կենտրոնի, որտեղ, ըստ նրա, Խորհրդային տարիներին ամեն ինչ կարելի էր գտնել, մինչև անգամ՝ զենք:

 

«Ադրբեջանցիների մտքով չէր անցնում, որ հայկական կողմը հնարավոր է հարձակում ձեռնարկի Աղդամի ուղղությամբ և հաջողության հասնի: Թշնամու գլխավոր որջի գրավումը կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, դա նրանց համար ծանր հարված էր, մեզ համար՝ շրջադարձային կարևոր վճռական քայլ»,- ասաց պատմաբանն ու շարունակեց, որ Աղդամից հետո արդեն ազատագրվեցին Ջրակնը (Ջաբրաիլ), Սանասարը (Կուբաթլու), Հորադիզը և այլ շրջաններ: