Ալ-Կաիդան ԱՄՆ-ին մոտ ժամանակ նոր «ահեղ դատաստան» է խոստանում

21:59 • 24.07.12

«Ալ-Կաիդա»-ի Իրաքի ստորաբաժանման ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը նախատեսում է ահաբեկչական խոշոր գործողություններ իրականացնել: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ իրենց երկրում նման սպառնալիքներ ներկայում չկան, և որ ահաբեկչական խմբերի ղեկավարները հաճախ են նման անհիմն հայտարարություններ անում, հաղորդում է NBC News-ը:

 

«Ալ-Կաիդա»-ի Իրաքի ստորաբաժանման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին սպառնում է մոտ ժամանակ նոր ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի «սրտում»:


«Մոտ ժամանակ դուք կտեսնեք դրանք ձեր երկրի հենց սրտում, քանի որ ձեր պատերազմը մեր դեմ արդեն իսկ սկսված է: Ուրեմն, սպասեք», - հայտարարել է նա տարածված ձայնագրության միջոցով:


ԱՄՆ ԿՀՎ-ն կարծում է, որ Նյու-Յորքը, որտեղ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո տասնյակից ավել ահաբեկչություններ է կանխարգելվել, այլևս գրոհայինների հարձակման թիրախ չի հանդիսանում:


Իրաքի «Ալ-Կաիդան» 2010 թվականից ղեկավարած ալ- Բաղդադին, իր հերթին, հայտարարել է, որ գրոհայինները արդեն դեպի ԱՄՆ ճանապարհին են: Սակայն թիրախները նա չի մանրամասնել:


«Մոջահեդները մեկնել են, որ հալածեն ձեր բանակը, որը մշտապես փախչում է: Նրանք երդվել են, որ դուք ավելի մեծ պատիժ կստանաք, քան այն, որը ձեզ տվեց Ուսամա բեն Լադենը», - հայտարարել է ահաբեկիչը:


Բացի ԱՄՆ-ի սպառնալիքներից, նա ներկայացրել է, որ Իրաքում մոտ ժամանակ ավելի շատ հարձակումներ և սպանություններ կլինի, որոնք ահաբեկչական խմբավորման գրոհայինները կիրականացնեն: