Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը մերժելը նշանակում է դեմ լինել ՀՀ զարգացմանը. Հրայր Թովմասյան
Լուսանկարը՝ Armenpress Photo–ի
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այսօր ներկայացնելով ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, նշեց, որ նման ծրագրին դեմ լինելը նշանակում է դեմ լինել Հայաստանի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը:
«ՀՀ-ում ծրագրերի պակաս չի եղել և դժվար է գտնել որևէ ծրագիր, որը նույնքան համախոհ և հակառակորդներ չունենա: Հաճելի բացառություններից է այսօրվա ծրագիրը: Քայլերի ամբողջություն է` ավելի լավ Հայաստան ունենալու, կայացած դատական, իրավական համակարգ ունենալու համար, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից և բյուրոկրատական քաշքշուկներից»,- ասաց նա:
Ներկայացնելով ծրագրի առանձնահատկությունները՝ նախարարը նշեց, որ դրանցից մեկը նրա համընդգրկուն բնույթն է:
«Սա սահմանափակված չէ միայն դատական համակարգով: Կարող ենք տեսնել բարեփոխումների ուղղությունները, որոնք վերաբերում են փաստաբանական, նոտարական, քրեակատարողական համակարգին: Առաջին անգամ զետեղված են դրույթներ, որոնք վերաբերում են իրավաբանական կրթությանը»,– ասաց նա:
Արդարադատության նախարարը հայտարարեց, որ ծրագրի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:
«Այս ճանապարհին չի կարող լինել դանդաղկոտ: Այս գործի սկիզբն ու ավարտը մեր ձեռքին է: Ես այդ համակարգը տեսնում եմ որոշակի մակետի տեսքով, որը շատ ավելի վստահելի և կայուն է: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհը միասին կտանենք և կունենանք այն համակարգը, որը հնարավորություն կտա դիմակայելու առկա մարտահրավերներին: Մենք այլընտրանք չունենք»,-նշեց նա:
ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագիրը տարբերվում է իր մշակման և ընդունման ընթացակարգով և անդրադառնում է խնդիրների առավել լայն շրջանակի:
«Ծրագրի մեծ մասն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: Իր գաղափարախոսությամբ և տրամաբանությամբ ծրագիրը մեկ ամբողջություն է կազմում»,– ասաց նա:
«Ոչ ժամանակին որևէ կետի իրականացումը վտանգելու է ամբողջ ծրագիրը: Մենք վստահ ենք, որ ծրագրի պատշաճ իրականցման արդյունքում կձևավորվի իրավական համակարգ, ինչը պահանջարկին համապատասխան՝ կլուծի իր առջև դրված խնդիրները»,- Գեորգի Կուտոյանը:









