Քննարկվում է ՀՀ և ՌԴ խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ստեղծումը. Հովիկ Աբրահամյան
Հայաստանը և Ռուսաստանը հնարավոր է ստեղծեն երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտ, այս մասին այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հաշվի առնելով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը, մենք դիտարկում ենք ՀՀ Ազգային ժողովում և ՌԴ Պետդումայում երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ստեղծման հնարավորությունը, ինչը միտված կլինի հարաբերությունների ավելի ամրապնդմանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ կարևորվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը կրթության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նախ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին՝ ջերմ ընդունելության համար, ապա ասաց. «Մեզ համար շատ կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները և ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններում առաջընթաց են գրանցվել»:
Երկու երկրների խորհրդարանների նախագահների հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մուտքի մոտ՝ աստիճանների վրա:









