Վարդան Ղուկասյանի քաղաքապետի թեկնածու չառաջադրվելու մեջ ողբերգություն պետք չէ փնտրել. ՀՀԿ պատգամավոր

13:29 • 24.07.12

Եթե սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր թեկնածությունը չառաջադրի, ապա դրա մեջ ողբերգություն փնտրել պետք չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը (աջում)։


«Սովորական նախընտրական ընթացք է և, եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ողբերգություն չպետք է փնտրել: Պետք է ասեմ, որ այս պահին ոչ մի անակնկալ չկա, և ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Եսայանը:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Վարդան Ղուկասյանը չի առաջադրվելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն առաջադրել է քաղաքապետի իր թեկնածուն, ով Սամվել Բալասանյանն է:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն (ձախում) էլ նշեց, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է և վտանգավոր, քան ներկայացվում է:


«Եթե մամուլը գրում է, որ Վարդան Ղուկասյանը Մոսկվայում ցանկանում է Պուտինի միջոցով «դաբրո» ստանալ, ինչի՞ մասին է խոսքը, այսօր քաղաքապետը «դաբրո» կստանա, վաղը՝ գյուղապետը, մյուս օրը՝ կուլտուրայի վարիչը, վերջում կստացվի, որ ամեն ինչ Մոսկվան է որոշում»,- նկատեց Ա. Սեդրակյանը: