Այսօր կկայանա «Նոր ալիք - 2012» երգի մրցույթի բացման արարողությունը
Այսօր երեկոյան Լատվիայի Յուրմալա քաղաքում կմեկնարկի «Նոր ալիք-2012» երգի մրցույթի բացման արարողությունը, իսկ մրցութային առաջին օրը վաղն է:
Tert.am-ի հետ զրույցում «Նոր ալիք-2012» մրցույթի՝ Հայաստանում ընտրական մրցույթի հարցերով PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը հիշեցրեց, որ մրցութային օրերը երեքն են՝ Երկրի հիթ, Համաշխարհային հիթ և Հեղինակային երգ:
Բացի այդ, նրա խոսքով՝ մրցութային օրերը կներկայացվեն ըստ թեմաների, ինչպես օրինակ՝ ռոքի օր, Մելաձեի օր և այլն:
Մհեր Բաղդասարյանը նշեց, որ «Նոր ալիք - 2012» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը, ով մրցութային առաջին օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո:
Նա տեղեկացրեց, որ երգչի՝ նախապես ընտրված երեք երգերից երկուսը փոփոխվել են. «Մենք երգի հետ կապված խնդիր ունեցանք, այսինքն՝ նախապես պատրաստած երգերից մի քանիսը փոփոխվեց, նույնը թողնվեց միայն համաշխարհային հիթը՝ Էրիք Քլեփթոնի Change the World-ը»:
Նա նաև նշեց, որ դեռևս հստակ չի կարող ասել, թե Սուրենը երկրի հիթում ո՞ր երգն է կատարելու.«Վարկածներից մեկը Անդրեի «Իմ սերը քեզ» երգն է, սակայն դա վերջնական չէ և ես դա հերքել կամ հաստատել չեմ կարող: Շատ հնարավոր է այն նույնպես վերջին պահին փոխվի»:
Չնայած երգերի փոփոխությանը՝ Մհերը Բաղդասարյանը նշեց, որ Սուրեն Առուստամյանը գտնվում է շատ լավ հոգեվիճակում:
Ի դեպ, նա հայտնեց, որ Յուրմալա են մեկնել նաև հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ Անդրեն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, որպեսզի աջակցեն Սուրենին:
«Գործիքավորողները նույնպես այնտեղ են: Այնտեղ է նաև «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանող խումբը»,- եզրափակեց Մհերը Բաղդասարյանը:










