Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը

17:05 • 24.07.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Նախագահը հույս է հայտնել, որ Նարիշկինի այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին:


Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում և ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված և դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում:


ՀՀ նախագահի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:


ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և ընդգծել, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել:


Ռուս բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և վստահեցրել, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև կապերի առավել սերտացմանը: