Բանտն այն սպառնալիքը չէ, որով կարող եք մեզ հետ կանգնեցնել մեր պայքարից. Նիկոլ Փաշինյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ի գիտություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այսօր, ՀՀ դատախազության շենքի առաջ՝ ՀԱԿ 4 ակտիվիստների ազատության համար կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարեց, որ իրենցից որևէ մեկը չի վախենում բանտ նստելու հեռանկարից:
«Տղաների դատավճիռն ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, այսինքն՝ Սերժ Սարգսյանը և նրա հանցախումբը մեզ մի ուղերձ է ուղղում, նա ասում է, որ մեզանից յուրաքանչյուրին՝ ցանկացած պահի, կարող են նստեցնել: Իսկ մեր պատասխանը կլինի հետևյալը. ուրեմն, լսե՛ք Սերժ Սարգսյան և մյուսներ, մենք ցանկացած պահի պատրաստ ենք նաև նստել, բանտն այն սպառնալիքը չէ, որով կարող եք մեզ հետ կանգնեցնել մեր պայքարից»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար պայքարելու մի ձև կա, այն է. «Մեզանից յուրաքանչյուրն իր կեցվածքով պետք է ցուցադրի, որ մենք՝ հանուն մեր սկզբունքների, հանուն մեր երեխաների ապագայի և ՀՀ սահմանդրության, պատրա՛ստ ենք նստել»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը հստակեցրեց, որ նստել ասելով նկատի չունի, թե իրենցից յուրաքանչյուրը պատրաստ է հանցագործ դառնալ. «Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է նստել այնպես, ինչպես այն տղաները, ովքեր իրականում ոչ մի հանցանք չեն գործել»:
Փաշինյանը պայքարի վերջնական հաղթանակի համար միայն մեկ տարբերակ է տեսնում. «Պետք է հասկանանք, որ այս պայքարը չի կարող անվերջ տևել, սա պետք է ավարտվի քաղաքացու հաղթանակով, իսկ դրա համար մի ձև կա, բոլորս՝ վճռորոշ մեծամասնությամբ, հավաքվում ենք «Ազատության» հրապարակում և, Սերժ Սարգսյանին ժամ տալիս, որ իր օլիգարխիկ թափթփուկներին հավաքի ու հեռանա: Հակառակ դեպքում, մենք կլինենք քաղբանտարկյալներ, որոնց ազատեցինք, հետո նորից կնստենք, էլի կազատենք: Մենք պատրաստ ենք նստել, բայց ամենակարևորը Սերժ Սարգսյանին նախապատրաստենք նստելու, եթե Սերժ Սագսյանը չի նստելու, ապա մենք անընդհատ նստելու ենք ու դուրս ենք գալու»,- ասաց նա:









