Skype-ը կասկածվում է օգտատերերին գաղտնալսելու մեջ

23:58 • 24.07.12

Համացանցում տեղեկություն է տարածվել, ըստ որի, երկար տարիներ ընդդիմանալուց հետո, Skype-ը իրավապահ մարմիններին իր օգտատերերի խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն է տրամադրել: Սակայն ծառայության ներկայացուցիչները այդ տեղեկությունները հերքում են, հղում անելով այն փաստին, որ նման բան նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, հաղորդում է slate.com տեխնոբլոգը:


Հիշեցնենք, որ Skype-ը մշտապես պնդում էր, որ երկու կետերի միջև տվյալների փոխանցման իր տեխնոլոգիան և կոդավորման տեխնիկան անհնարին է դարձնում գաղտնալսել օգտատերերի խոսակցությունը: Այսինքն, նույնիսկ եթե իրենք ցանկանան էլ` չեն կարող նման կերպ օգտակար լինել իրավապահներին:


Սակայն, Microsoft-ի կողմից 8,5 մլրդ ԱՄՆ դոլարով Skype-ը գնելուց հետո, հայտնի դարձավ, որ ընկերությունը «տվյալների օրինական կլանման» տեխնոլոգիայի արտոնագիր է ստացել, որը պետք է կիրառվի այնպիսի ինտերնետ-հեռախոսային ծառայությունների պարագայում, ինչպես օրինակ` Skype-ը:


Այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս թաքուն կրկնօրինակել տեղեկատվությունը, որը փոխանցվում է խոսակցության ընթացքում:



Slate տեխնոբլոգը նշում է, որ դեռ հնարավոր չէ անկասկած պնդել, որ Skype-ը արդեն սկսել է օգտագործել այդ տեխնոլոգիան՝ընկրկելով ԱՄՆ ուժային կառույցների ճնշումների ներքո: Սակայն հարցի վերաբերյալ ուղիղ հարցին Microsoft-ը խուսափել է պատասխանից, ինչը և ավելի է ամրապնդել առկա կասկածները և օգտատերերը իրավացիորեն կարծում են, որ իրենցից թաքցվում է ճշմարտությունը: