Սիրիահայերի հարցում Հայաստանի քաղաքական էլիտան պահպանում է վտանգավոր լռություն. Ս. Սաֆարյան
Սիրիայում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների և, ընդհանրապես, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի քաղաքական էլիտայում չափազանց վտանգավոր լռություն է տիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Պետք է որևէ արձագանք հնչեր սիրիահայության նկատմամբ: Մինչ օրս որևէ հեռուստաեթերում կամ պետական որևէ մարմնում չես հանդիպի բանավեճի, քննարկման սիրիահայության հարցի շուրջ: Չեք կարող հիշել մեկ դեպք, որ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեն տարածաշրջանային խնդիրներ: ՀՀ-ն, ակնհայտորեն, անպատրաստ է Հայաստան բերել սիրիահայությանը»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը ճշգրտեց, որ ինքը չի կարծում, թե Հայաստանը դեպքերի զարգացման վրա կարող է ազդել, բայց միաժամանակ նկատեց, որ Սիրիան և Հայաստանը բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող երկրներ են, կարելի է հարաբերություններ ունենալ տարբեր քաղաքական ճամբարներ հետ, բայց կարողանալ ապահովել հայկական համայնքի անվտանգությունը:
«Հայաստանը պետք է պատրաստ լինի նրանց ընդունելու: Այս ամենը կառավարության այս տարիների ընթացքում վարած քաղաքականության հետևանքն է: Չի կարելի է միայն սիրաշահելով զբաղվել: Հայաստանը աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է և պարտավոր է ընդունել փախստականների այս ալիքը, եթե այլ տարբերակ չլինի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նախկին պատգամավորը նաև նշեց, որ Սիրիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները կանխատեսելի էին և ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում այն, որ այդ երկրի ստատուս քվոն այնքան է խախտվել, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա և ռեժիմի փոփոխությունն անխուսափելի է:
«Վերջիվերջո, Սիրիայի հարցը կապված է նաև Իրանի հետ և, փաստորեն, հաջորդ հանգրվանը Իրանի խնդիրն է լինելու: Մոտենում է այն ժամկետը, որ եթե Իրանը շարունակի միջուկային զենքի փորձարկումը, 2013-1014թթ. կարող է համարվել միջուկային տերություն: Որքան ժամկետը մոտենա, այնքան լարվածությունը մեծանալու է տարածաշրջանում»,-ասաց Ստեփան Սաֆարյանն ու ավելացրեց, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ սիրիահայերին օգնելու հարցում, այլապես այն կնմանվի «Կիկոսի մահվան»:









