Ստյոպա Սաֆարյանն ուրախ կլինի, եթե իրեն աջակցեն խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը

16:16 • 24.07.12

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը դեռ չունի կուսակցության որոշումը՝ թիվ 1 ընտրատարածքում (Ավան) մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, սակայն ուրախ կլիներ, որ իրեն սատարելու մասին հայտարարությամբ հանդես գային ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը:


«Թեև այդ աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, սակայն առաջնայինը ընտրողի վստահությունն է: Հավանականությունը շատ քիչ եմ համարում, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները սատարեն ինձ, քանի որ դա տեղի չունեցավ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն վերջինս «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո հուլիսի 3-ին հայտարարեց իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:


Հարցին, թե ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը պատրաստվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, արդյո՞ք, սեփական թեկնածուով կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Գյումրիում այս պահին քաղաքապետի պաշտոնում կա մեկ թեկնածուի առաջադրում՝ քաղաքական ուժերից մեկի կողմից, և «Ժառանգություն»-ը այդ հարցը քննարկելու խնդիր չունի»:


«Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում սեփական անդամներով մասնակցելուն, Հայաստանի ամենատարբեր համայնքներում մենք ունենք տարբեր անդամներ, ովքեր կարող են առաջադրվել ՏԻՄ ընտրություններում: Բայ, քանի որ այս խնդիրը համալիր պետք է քննարկենք, հետևաբար, այս պահի դրությամբ, չունենք վերջնական որոշումներ՝ մեր մասնակցության և մեր թեկնածությունների վերաբերյալ»,-ասաց նա։


Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ առաջիկայում «Ժառանգություն»-ը կանդրադառնա խնդրին և հանրությանը կտեղեկացնի իր որոշումների մասին:


Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Ընտրություններին իր առաջադրման մասին հայտարարել է միայն ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը: