Հալեպի հայ համայնքը համեմատաբար ապահով վիճակում է, չնայած քաղաքը գրոհի տակ է
Սիրիայի ընդդիմությունը նախօրեին հայտարարել էր երկրի երկրորդ քաղաք Հալեպը գրավելու որոշման մասին: Արդեն երրորդ օրն է ինտենսիվ մարտեր են ընթանում քաղաքի տարածքում:
Հայաշատ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները Tert.am-ին տեղեկացրել են, որ քաղաքն ամբողջությամբ ամայացել է: Երթևեկությունը դադարել է և մարդիկ դուրս չեն գալիս տներից: Փողոցներում երևում են միայն կառավարական զորքերը, որոնց նպատակը զինյալ ընդդիմադիրների թաքստոցները գտնելն ու նրանց ոչնչացնելն է:
Երեկ ողջ գիշեր քաղաքում կրակոցների և ռմբակոծությունների ձայներ են լսվել: Թեև բախումները դեռ հեռու են հայկական թաղամասերից, սակայն պայթյունների ձայներն ու ծուխը տեսանելի է նաև այնտեղ: Ըստ առկա տեղեկությունների` վերջին օրերին Հալեպում հայազգի ոչ մի զոհ չի գրանցվել:
Չնայած իրավիճակը Հալեպում գերլարված է, սակայն հայերը հիմնականում ապահով վայրերում են և վտանգ չի սպառնում:
Երեկ տեղեկություններ կային այն մասին, որ փակվել է քաղաքի օդանավակայան տանող ճանապարհը, որտեղ նույնպես մարտեր են ընթանում: Սակայն գիշերը Երևան-Հալեպ թռիչքը թեև ուշացումով, սակայն կայացել է:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակը երեկ հայտարարել էր, որ գրավել է Հալեպի հարակից շրջանները և սկսել է անմիջականորեն քաղաքի գրոհը: Սիրիայի ազատ բանակի գեներալ Աբդել Ջաբբար ալ Օգաիդին տեսաուղերձ էր հղել Youtube-ում, որում հայտարարել էր, որ պատրաստվում են գրավել Հալեպը «արյունարբու Ասադից»:
Նա նշել է, որ Ազատ բանակը պատրաստվում է պաշտպանել խաղաղ բնակչությանը` ներառյալ քրիստոնյաներին` հայերին, ասորիներին, ինչպես նաև ալևիներին, շիաներին և դրուզներին:









