ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, և ԵՄ-ն անհանգստացած են Սիրիայի` քիմիական զենք կիրառելու մասին հայտարարությամբ

01:04 • 24.07.12

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը անհանգստություն է արտահայտել սիրիայի ղեկավարության ներկայացուցչի հայտարարության կապակցությամբ, ըստ որի Դամասկոսի կողմից արտաքին ագրեսիայի պարագայում քիմիական զենքի կիրառումը որպես հնարավոր տարբերակ կդիտարկվի, հաղորդում է BBC-ն:


«Պարսավանքի արժանի կլիներ, եթե Սիրիայում որևէ մեկը դիտարկեր զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը` քիմիական զենքի, որպես հնարավոր տարբերակ», - հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն, ավելացնելով. «Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը դրան լուրջ ուշադրություն կդարձնի, որ որևէ նման բան տեղի չունենա»:

 

ԱՄՆ-ն ևս ծայրահեղ անհանգստացած է Սիրիայից հնչող նման հայտարարություններով:

Երկրի նախագան Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողբերգական սխալ կկատարի, եթե, ինչպես ինքը խոստացել է, կիրառի քիմիական զենքը:

Օբաման նաև նշել է, որ նման պարագայում ողջ պատասխանատվությունը կընկնի Ասադի վրա:


Իր հերթին ԱՄՆ-ի Պաշտպանական գերատեսչությունը ևս անընդունելի  է անվանել Սիրիայի նման հայտարարությունները:

«Սիրիայի իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է դիտարկեն քիմիական զենքի օգտագործման հնարավորության հարցը»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:


Խնդրի շուրջ չի ուշացել նաև ԵՄ հայտարարությունը: Այսպես, Եվրոմիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները իրենց խիստ անհանգստությունն են արտահայտել նրանով, որ Սիրիայի իշխանությունները կարող են քիմիական զենք կիրառել, եթե երկրի նկատմամբ արտաքին ագրեսիա լինի, ասվում է ԵՄ ԱԳՆ ղեկավարների տարածած հայտարարության մեջ:

Նախարարները նաև անհանգստություն են հայտնել Սիրիային զենքի մատակարարման կապակցությամբ և պետություններին կոչ են արել հրաժարվել այդ քայլից:

 

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ջիհադ Մաքդեսին հայտարարել էր, որ քիմիական զենքը կարող է օգտագործվել միայն արտաքին միջամտության պարագայում, բացառելով միայն նման զենքի` սեփական ժողովրդի դեմ կիրառումը: