Տաջիկստանում ուժայինները 30 գրոհային են ոչնչացրել և 40-ին ձերբակալել` տալով 12 զոհ
Տաջիկստանի Հանրապետություն Պամիրի շրջանում զինված խմբավորման չեզոքացմանը ուղղված հատուկ գործողության իրականացման ժամանակ ոչնչացվել է 30 գրոհային և 40-ը ձերբակալվել է:
Ձերբակալվածների շարքում Աֆղանստանի 8 քաղաքացի կա: Առգրավված է 100 միավոր հրազեն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով երկրի ազգային անվտանգության կոմիտեի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությանը:
Հատուկ գործողությունը իրականացվում է Տաջիկստանի Լեռնային Բադախշան ինքնավար շրջանի ԱԱԾ-ի ղեկավար գեներալ Աբդուլլո Նազարովի սպանությանը մասնակիցներին հայտնաբերելու ու ձերբակալելու նպատակով և այսօր ուժային կառույցները զեկուցում են գործողության առաջին օրվա արդյունքների մասին:
Հատուկ գործողության ժամանակ կորուստներ են եղել նաև Տաջիկստանի ուժայինների շարքերում` 12 զոհ, 23 վիրավոր, այդ թվում և ծանր վիրավորներ: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան:
Ավելի վաղ, մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, թե զոհերի քանակը «չափվում է հարյուրներով»՝ կառավարական ուժայինների և խաղաղ բնակիչների շրջանում:
Պամիրում հատուկ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ օրը սպանվեց տաջիկական հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովը, իսկ գրոհայինները հրաժարվեցին հանձնել հարձակման մասնակիցներին:
«Երկրի նախագան Էմոմալի Ռախմոնի հրամանով կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որում բացի ուժայիններից ներգրավված էին պատգամավորներ և կրոնական գործիչներ` տեղի հեղինակությունների և ընդդիմության նախկին դաշտային հրամանատարների հետ բանակցություների համար», - գործակալությանը հաղորդել է ԱԱԾ-ի ներկայացուցիչը:
Սակայն, եռօրյա բանակցությունները արդյունք չեն տվել և իշխանությունները ստիպված ուժ են կիրառել:
Հատուկ գործողությունը ոչ միանշանակ արձագանք է ունեցել տաջիկ հասարակության մեջ, այդ թվում հենց Պամիրի բնակչության շրջանում:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տվյալներով, Պամիրի վարչական կենտրոնում` Խորուգում, նախօրեին զանգվածային ցույցեր են եղել քաղաք կառավարական ուժեր մտցնելու դեմ: Բողոքի ցույցեր են եղել նաև Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատան դիմաց:









