«Ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին». բողոքի ակցիա գլխավոր դատախազության շենքի առջև (լուսանկարներ)

20:14 • 24.07.12

«Ազատությո՛ւն «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներին» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև, որը վերածվեց երթի:


Նրանք պահանջում էին՝ արդարացնել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որոնք դեռևս գտնվում են հատուկ քննչական ծառայության վարույթում։ Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և, վերջապես, պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկանության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդած պաշտոնատար անձանց:


Ակցիային մասնակցում էին «Հայ ազգային կոնգրես»-ի կենտրոնական գրասենյակի անդամներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Ակցիայի մասնակիցների շարքերում էին նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, «Ժառանգություն»-ից՝ Դավիթ Սանասարյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև՝ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ:

Ի դեպ, երթին մասնակցում էին նաև երկու տարի ազատազրկման դատապարտված, սակայն երկրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատ արձակված Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը:

 

Իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ քաղաքական հայացքներից, միանալ իրենց՝ հանուն արդարության մղվող պայքարին: «Բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ ձեր մոտեցումներից՝ կո՛չ ենք անում հասկանալու, որ սա ՀԱԿ-ի պայքարը և շարժումը չէ՛, սա քաղաքական ուժի իշխանության գալու պայքարը չէ՛ և երբեք չի՛ էլ եղել: Աստված տա, որ մեկ այլ ուժ գա իշխանության և Հայաստանում հաստատվի ժողովրդավարություն: Կոչ ենք անում՝ մոռանալ, ՀԱԿ է, ԲՀԿ է, Դաշնակցություն է, «Ժառանգություն» է և, նույնիսկ՝ ՀՀԿ է: Հանրապետականներին էլ եմ ես ասում՝ մտածե՛ք ձեր երեխաների մասին, այն երկրում, որտեղ դուք ղեկավարում եք, եթե հնարավոր են այսպիս բաներ, ավելի լավ է գնաք՝ կախվեք, ոչ թե շարունակեք ապրել այս երկրում»:


«Ազատության» հրապարակում ավարտված երթի մասնակիցները , վանկարկում էին՝ «Ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին», «Արդար դատավճիռ ՀԱԿ երիտասարդներին», «Սերժի՛կ, հեռացիր» կարգախոսերը:


Հիշեցնենք նաև, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, արդյունքում ՀԱԿ ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին:


ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:

 


Նշենք նաև, որ Տիգրան Առաքելյանը հուլիսի 20-ին դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ ՀԱԿ մյուս երիտասարդները՝ Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին 2-3 տարի ժամկետով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրվեց՝ ստորագրությամբ երկրից չբացակայելը, սակայն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մյուս տղաները նույնպես կտեղափոխվեն քրեակատարողական հիմնարկ: