Ցմահ դատապարտյալների գործերի վերանայման հարցը` կինոմատոգրաֆիստների ուշադրության կենտրոնում
Ցմահ դատապարտյալների գործերի վերանայման հարցը` կինոմատոգրաֆիստների ուշադրության կենտրոնում
Դատական գործերի լուսաբանմամբ զբաղվող լրագրող Զարուհի Մեջլումյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն այսօր հանդիպեցին կինեմատոգրաֆիստների հետ` վերջիններիս ուշադրությունը հրավիրելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդրների վրա:
Զարուհի Մեջլումյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում կա 105 ցմահ դատապարտյալ, ինչը բավական մեծ թիվ է կազմում Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող պետության համար:
«Երբ համեմատություն ես անցկացնում այլ երկրների հետ՝ հասկանում ես, որ սա շատ մեծ թիվ է: Օրինակ՝ Էստոնիան ևս ունի 2.5 մլն բնակչություն, բայց ունի, ընդամենը՝ 36 ցմահ դատապարտյալ: Նույնչափ բնակչություն ունի նաև Սլովակիան, ուր ցմահ դատապարտյալների թիվը 26-ն է: Ավելի շատ բնակչություն ունեցող Ֆրանսիայում՝ 67 մլն, կա 550 ցմահ դատապարտյալ: Սա միանշանակ պատժողական քաղաքականության խնդիր է»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:
Վերջինս նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը հաճախ ոչ այնքան իրավաբանության մեջ է, որքան գործերին կրկին անդրադառնալու ցանկության բացակայության:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը տեղեկացրեց, որ վերջին քսան տարիներին չի վերանայվել ցմահ դատապարտյալներից որևէ մեկի քրեական գործը:
«Մեզանից շատերը առնչվել են դատական համակարգի հետ: Երկրի նախագահն էլ էր ասում, որ դատական համակարգի նկատմամբ հասարակության կողմից անվստահություն կա, որ դատարանները սխալներ են թույլ տալիս: ԱՄՆ-ում՝ վերջին տասը տարիներին, դատական գործերի վերանայման արդյունքում՝ մոտ 200 անձ, ովքեր դատապարտված են եղել մահապատժի կամ երկարաժամկետ անազատության՝ արդարացվել են: Իսկ մենք, որ այսօր դեռևս ունենք դատական համակարգի կայացման խնդիր, մի՞թե այդքան անսխալական են մեր դատարանները: Իհարկե՝ ոչ»,- ասաց փաստաբանը:
Ասուլիսին մասնակից կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հակասական համարեց այն, որ Հայաստանի նման քիչ բնակչություն ունեցող երկիրն ունի 105 ցմահ դատապարտյալ:
«Եթե մինչև այսօր 105 հոգի ցմահ դատավճռով նստած է բանտում, բայց սպանությունները շարունակվում են, դա նշանակում է, որ պատժիչ մարմինները վատ են աշխատում, և ցմահ դատապարտումը նշանակություն չունի: Միաժամանակ, այդ համակարգում մարդիկ անում են այն՝ ինչ ուզում են: Բայց քանի որ մենք ուզում ենք այսօր դառնալ քիչ թե շատ նորմալ երկիր, ապա պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ որպես երկրի քաղաքացիներ իրենք չեն կարող անտարբեր լինել այս հարցում:
Ռուբեն Գևորգյանցը նշեց, որ անհրաժեշտ է մտածել ապագայի մասին, քանի որ մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ շատ բանի հասնել հնարավոր չէ և չի բացառվում, որ մի օր էլ իրենց թոռները կանգնեն նման խնդրի առաջ:
Քննարկման վերջում կինեմատոգրաֆիստները խոստացան իրենց աջակցությունը հայտնել, միանալ ցմահ դատապարտյալների այն գործերի վերանայմանը, որոնց քննությունը հասարակությունը կասկածի տակ է դնում:









