«Աբուռը», «թասիբն» ու «նամուսը» արաբերեն էլ են հնչում, իսկ «Արմավիան» դա չունի. բողոքի ակցիա ավիափոխադրողի դեմ (տեսանյութ)
Այսօր քաղաքացիական նախաձեռնությունների մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրեցին Նալբանդյան փողոցում գտնվող «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև:
Ակցիայի մասնակիցները բողոքում են «Արմավիայի» կողմից Հալեպ-Երևան, Երևան-Հալեպ ավիատոմսերը թանկացնելու դեմ: Մասնակիցներից Ապրես Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց՝ անամոթություն է պատերազմական նման իրավիճակից օգտվելն ու բիզնես շահեր հետապնդելը:
«Արաբական ավիաուղիները ևս կարող էին թանկացնել տոմսերի գները, սակայն այնտեղ գնային տատանումն եղավ չնչին, պատճառն այն է, որ՝ թասիբ, նամուս, աբուռ բառերը ևս հասկանալի են արաբերենով, իսկ «Արմավիա»-ն դա չունի: Հայաստանը շատ դժվար օրեր է ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսության փլուզում և հենց այդ դժվարին օրերին մեր կողքին են եղել Սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմավիան» Հայաստանում միակ կառույցն է, որ արձագանքեց սիրիական դեպքերին և մտածեց, որ «կակ ռազ» հարմար առիթ է տոմսերը թանկացնելու համար ու մարդիկ իրենց վերջին կոպեկն էլ կտան իրենց բարեկամներին` Հայաստան տեղափոխելու համար»,- ասաց Ապրես Զոհրաբյանը, նշելով՝ «Արմավիա» ընկերությունը տոմսերը գրեթե կրկնակի է թանկացրել:
Ապրես Զոհրաբյանը նշեց, որ վերջերս մամուլում կարդացել է տոմսերի գների բարձրացման վերաբերյալ «Արմավիա» ավիաընկերության պատճառաբանությունը: Այն իրեն թվացել է «կրուտիտի» դասական օրինակ:
«Ասում են՝ գները փոխել են ագենտները, որոնք վաճառում են այդ տոմսերը: Տպավորություն է, թե այդ ագենտների հետ պայմանագիր տատս է կնքել, այլ ոչ թե «Արմավիան»: Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի ագենտ խելքը հացի հետ չի կերել, որ ավել գնով տոմսը վաճառի, քանի ավիաընկերությունը համագործակցությունը կդադարեցնի»,- ասաց ակցիայի մասնակից Ապրես Զոհրաբյանը:
Ակցիայի մեկ այլ մասնակից Նվարդ Մանասյանը հայտարարեց, որ «Արմավիա»-ն չի կարող կոչվել ազգային ավիափոխադրող, քանի որ հայերիս համար այս կարևոր պահին հակազգային քայլ է կատարում:
«Մենք կոչ ենք անում ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում ազգային: Այն որ դուք պաշտպանված եք եղել հավասար մրցակցությունից, այդ առավելությունը պետք է այսօր ներդնեք ի նպաստ հայ ժողովրդի: Եթե դուք հիմա մեզ չկարողանաք ապացուցել, որ իսկապես ազգային եք, ուրեմն դուք մեզ պետք չեք: Թե՞ ձեր առաքելությունը միայն մանկապարտեզ փուչիկներ տանելն է»,- հայտարարեց Մանասյանը:
Ակցիայի մասնակիցները «ամոթ» էին վանկարկում «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև և կոչ անում չօգտվել այլևս ընկերության ծառայություններից:
«Արմավիա» ընկերությունից ոչ ոք այդպես էլ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով հարյուրավոր հայեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Ավիատոմսերի պահանջարկի մեծանալուն զուգահեռ՝ «Արմավիա» ավիաընկերությունը գրեթե կրկնակի թանկացրեց Երևան-Հալեպ ավիատոմսերի գները:









