Սիրիական զորքը հրթիռակոծել է Դամասկոսի արվարձանը
Սիրիական կառավարական ուժերը հրթիռային և հրետանային հարվածներ է հասցրել մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային արվարձան ալ-Թելը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընդդիմադիր ակտիվիստներին ու բնակիչներին, հարյուրավոր ընտանիքներ լքել են բնակավայրը:
Գործակալության հաղորդմամբ` կառավարական զորքը հարձակման է անցել մայրաքաղաքից ապստամբներին վտարելու փորձ իրականացնելիս: 100.000 բնակչություն ունեցող ալ-Թելը հրետակոծության է ենթարկվում «ամեն րոպե»: Հարվածի տակ են հայտնվել նաև բնակելի տներ: Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա գտնվող ալ-Թելը գրավվել էր ապստամբների կողմից նախորդ շաբաթ մայրաքաղաք Դամասկոսի ևս մի քանի թաղամասերի հետ միասին:
Հուլիսի 24-ին սիրիական ընդդիմությունը մեղադրել էր կառավարական զորքին ու իշխանամետ ռազմական «Շաբիհա» խմբավորմանը Շարիա գյուղի մզկիթի վրա հարձակման մեջ, ինչի հետևանքով զոհվել էր մոտ 30 մարդ:
Իրավապաշտպանների գնահատականներով` նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների ու կառավարական զորքի միջև բախումների հետևաքով զոհվել է մոտ 20 հազ մարդ:









