Նոր մասնագիտատեխնիկական հրապարակ՝ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում

17:21 • 25.07.12

Գյումրու պետական տեխնիկական քոլեջում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ այսօր գործարկվել է նոր մասնագիտատեխնիկական հրապարակ։

 

Ըստ ԿԳՆ կայքի՝ ի թիվս այլ անձանց բացման արարողությանը մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով կարևորելով սոցիալական գործընկերության առաքելությունը մասնագիտական կրթության զարգացման գործընթացում, նշել է, որ ՀԿԵ-ի և քոլեջի համագործակցությունը պետք է լավ հիմք և օրինակ ծառայի այլ մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցության ձևավորման համար:

 

Նախարարը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության զարգացման և որակյալ կադրերի նախապատրաստման խնդիրներին:

 

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ ընկերությունը Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձնում կադրերի նախապատրաստման գործընթացին, և այդ ուղղությամբ համապատասխան պայմանագրեր են կնքվել հայկական և ռուսական բուհերի հետ:

 

Նա նաև տեղեկացրել է, որ ՀԿԵ-ն շարունակելու է համագործակցությունը Գյումրիի պետական տեխնիկական քոլեջի հետ:

 

Հյուրերը շրջել են հրապարակում, որը լիովին բարեկարգվել է և օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման համար:

Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են նաև քոլեջի տեխնիկական հագեցվածությանը:

 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը և այլ պաշտոնատար անձինք: