Բուրգասի ահաբեկիչը հնարավոր է չի իմացել, որ ռումբ է տեղափոխում
Բուլղարական Բուրգաս քաղաքում իսրայելցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը նստած տղամարդը հնարավոր է` չի եղել հատուկ պատրաստված մահապարտ-ահաբեկիչ, այլ մի մարդ, որին օգտագործել են: Այս մասին գրում է «Ռազկրիտիա» թերթը` վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրին:
Հիշեցնենք, որ Բուրգասի օդանավակայանից իսրայելցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսում հուլիսի 18-ին կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 5 իսրայելցի, բուլղարացի վարորդն ու ահաբեկիչը: Ավելի քան 30 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թերթի աղբյուրի համաձայն` տղամարդը, ում օգտագործել են որպես ահաբեկիչ, կարծել է, թե իր ուսապարկում թմրանյութեր է տեղափոխում: Դա քննության վարկածներից մեկն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի այդ, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ մահապարտ-ահաբեկիչը չի գործել միայնակ:
«Նրանք շատ փորձառու են, գործել են հստակ կանոնների համապատասխան»,- ասել է Բորիսովը:
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ մահապարտ-ահաբեկչի մատնահետքի կամ ԴՆԹ նմուշների մասին տեղեկություն չկա ամբողջ աշխարհի և ոչ մի տվյալների բազայում:
Բորիսովը հայտնել է, որ ահաբեկիչը Բուլղարիա էր եկել պայթյունից մեկ ամիս առաջ, հնարավոր է` Շենգենյան գոտու որևէ երկրից: Դավադրության նպատակով նա մի քաղաքից մյուսն է տեղափոխվել, փոխել մեքենաները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչը Բուլղարիա էր եկել Ռումինիայից և ճամփորդել է մի կնոջ ուղեկցությամբ, ում համարում են նրա հանցակիցը:
Հուլիսի 22-ին բուլղարական ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող 2 մարդու:









