Լոնդոնյան բարում պատահմամբ կոտրել են մոտ 80.000 դոլարանոց կոնյակի շիշը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի բարերից մեկում պատահմամբ կոտրվել է 1788թ.-ի Clos de Griffier Vieux կոնյակի շիշը, որի արժեքը եղել է մոտ 50.000 ֆունտ ստերլինգ (ավելի քան 77.500 դոլար): Բացի այդ, կոնյակն ապահովագրված չի եղել, քանի որ արդեն բացված էր, հայտնում է The Huffington Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ, երբ կոնյակի և կոկտեյլների պատրաստման գծով մասնագետ Սալվատորե Կալաբրեզեն պատրաստվում էր այդ կոնյակով Old and Wise խմիչքը պատրաստել, որը պետք է լիներ աշխարհում ամենաթանկարժեքը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Գինեսի Ռեկորդների գրքի ներկայացուցիչները:
Երեկույթի ժամանակ այցելուներից մեկը պատվիրել է երկու բաժակ Clos de Griffier Vieux` 5.000 ֆունտ ստերլինգ արժողության: Այնուհետ այցելուն խնդրել է բարմենին իրեն փոխանցել շիշը` պիտակն ուսումնասիրելու համար: Սակայն չի կարողացել ամուր պահել այն ու գցել է գետնին: Հետևաբար, Old and Wise-ի պատրաստումը նույնպես դադարեցվել է:
Կալաբրեզեի խոսքով` ներկաները քարացել են:
«Իմ սիրտը կոտրված է` ոչ թե գնի համար, այլ նրա, որ մենք կորցրեցինք պատմության մի մասնիկ»,- ասել է նա, իսկ ավելի ուշ Twitter-ի իր էջում գրել, որ շշի «վայրէջքը» բարի հատակը դարձրել է «ամենաթանկն աշխարհում»:
224-ամյա կոնյակով Old and Wise-ի մեկ բաժակը պետք է արժենար 5.050 ֆունտ:









