Հանձնարարվել է կանխարգելել ապօրինի ծառահատումները «Դիլիջան» ազգային պարկում

17:33 • 25.07.12

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժնից:


Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՀՀ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Կ.Մանվելյանը և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները:


Այցի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկում քննարկել պարկի հիմնախնդիրները, էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ազգային պարկի կիսամյակային հաշվետվությունը:


Նախարար Արամ Հարությունյանը, կարևորելով «Դիլիջան» ԱՊ-ի դերը բնության պահպանության գործում, հանձնարարվել է առավել ուշադրություն դարձնել պահպանության խնդիրներին` կանխարգելելով ապօրինի ծառահատումները, ինչպես նաև չվնասելով շրջակա միջավայրը՝ զարգացնել էկոտուրիզմը:


Բնապահպանության նախարարը Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման ճանապարհները:


ՀՀ Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը ներկայացրել է մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` աղբի տեղափոխման, աղբավայրի ընտրության, սահմանների ճշգրտման և այլ հարցեր, ակնկալելով նախարարության աջակցությունը:


Արամ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել մարզին բնապահպանական հիմնախնդիրները լուծելու հարցում՝ հանձնարարելով ԲՊՏ տարածքային բաժնին առավել սերտորեն և արդյունավետ համագործակցել մարզպետարանի հետ:


Նախարարը միջազգային, բնապահպանական ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մեկնել է քաղաք Նոյեմբերյան «Զիկատար» բնապահպանական կենտրոն՝ մասնակցելու Տեղեկատվական կենտրոնի բացմանը, ինչպես նաև «Հավաստագրեր» բաժանել այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին մայիսին կազմակերպված «բնության հատուկ պահպանվող տարածքների մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման» սեմինարին: