Բաքվում մահացած դատապարտյալի որովայնում դոմինոյի 6 քար է հայտնաբերվել
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Երկրի բանտային ծառայությանը բժշկական հաստատություններից մեկում գանգուղեղային վնասվածքի հետևանքով մահացել է 1955 թ.-ին ծնված մի դատապարտյալ:
Ստացված տեղեկությունների համաձայն` բանտարկյալը գանգուղեղային վնասվածքը ստացել է Գյանջա քաղաքի գաղութում, որտեղ կրել է պատիժը: Այնուհետ նա տեղափոխվել է Բաքու` բուժման: Հաղորդվում է, որ տղամարդն ինքն է իրեն հասցրել վնասվածքները: Նշվում է նաև, որ ավելի վաղ ևս նա մի քանի ինքնասպանության փորձ է իրականացրել, հայտնում է vesti.az-ը:
Սակայն ամենաուշագրավը պարզվել է հետագայում, դատապարտյալի դիահերձումից հետո, երբ նրա որովայնում հայտնաբերվել է դոմինոյի 6 խաղաքար: Մասնագետները ենթադրում են, որ տղամարդը դրանք կուլ է տվել խաղի ժամանակ` բլեֆի համար: Սակայն քրեական միջավայրում բլեֆը բանտարկյալների կողմից խիստ պատժելի արարք է: Բլեֆ անողների համար տուգանք է գործում, որը նա պետք է վճարի սահմանված ժամկետում: Եվ տղամարդը, վախենալով «բռնվելուց», ինքնասպանության է դիմել:









