Նովոսիբիրսկում զինամթերք տեղափոխող էշելոն է այրվել
ՌԴ Նովոսիբիրսկի մարզում հրդեհ է բռնկվել զինամթերք տեղափոխող էշելոնում, ինչի հետևանքով այրվել է 10 վագոն: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, զինամթերքը տարվում էր ոչնչացման:
Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ինչպես նաև չեն եղել հրդեհին հաջորդած զինամթերքի պայթյուններ, սակայն, գործակալության հաղորդմամբ, արտակարգ դեպքի հետևանքով լրջորեն խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը: Նախնական տվյալներով` կանգնեցվել է 23 գնացք, որոնցից 9-ը` ուղևորատար:
Նախնական տվյալներով` կատարվածի պատճառն ռազմական գնացքի արգելակման համակարգի անսարքությունն է:
ՊՆ մամուլի ծառայության ու լրատվության վարչությունից հայտնել են, որ զինամթերքի բեկորները ընկնում են 200 մետր շառավղով: Նովոսիբիրսկի մարզի իրավապահ մարմինների աղբյուրի հաղորդմամբ` փրկարարները տարհանել են միջադեպից 2-5 կմ հեռավորության վրա գտնվող Տիխոմիրովկա գյուղի բնակիչներին:









