Վերջին հրաժեշտ՝ նշանավոր դերասանուհի Գալյա Նովենցին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին հայ և խորհրդային կինոյի նշանավոր վարպետներից մեկին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին։
Ճանաչված դերասան Ազատ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Գալյա Նովենցին վերջին անգամ տեսել է հենց նույն թատրոնում։
«Այստեղ նրան տեսա, երբ նա «Տարօրինակ միսիս Սեվիջը» խաղաց: Ես մասնակից էի, բայց իբրև հանդիսատես: Վայելեցի, դա անկրկնելի դերակատարում էր, բոլորն ապշած էին, թե Գալյան ինչո՞ւ է այսպես: Մի ուրիշ որակով հանդես եկավ, երևի նախախնամություն էր և զգում էր, որ վերջին անգամ է խաղում: Եվ այսօր՝ այս նույն բեմից ճանապարհում ենք Գալյա Նովենցին»,– ասաց նա:
Հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ մեծ դերասանուհու մարմնավորած կերպարներից որպես բացառիկ նմուշ Ազատ Գասպարյանն առանձնացրեց նրա կերտած մոր կերպարները։
«Հրաշալի մի անձնավորություն, տաղանդավոր մարդ՝ իր անկեղծությամբ, իր անմիջականությամբ և իր անկրկնելի մոր կերպարներով: Հայ կինոարվեստի պատմության մեջ՝ մեր Հասմիկ դերասանուհուց հետո, այդպիսի բարություն, այդպիսի կերպար չի կերտվել և, հավանաբար, չի լինի: Գալյայի տեսակն է, որ շատ կարևոր է՝ բեմում և էկրանին միշտ ստեղծագործող: Իբրև մարդ՝ ճառագում էր իր բարությամբ, մաքրությամբ»,- ներկայացրեց դերասանը:
Ազատ Գասպարյանը նշեց, որ Գալյա Նովենցի հետ ինքը բախտ է ունեցել խաղալ և՛ թատրոնում՝ «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացման մեջ, և՛ կինոյում՝ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» ֆիլմերում:
Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Tert.am-ի հետ զրուցում նկատեց, որ իր համար հպարտություն է ասելը, որ ինքն ու Գալյա Նովենցը 58 տարվա ընկերներ են։
«Ես և Գալյան զարմանալի կերպով ընդունվեցինք ինստիտուտ՝ Աճեմյանի կուրս՝ մեկ ամիս ուշացումով: Մենք էինք, որ միայն ուշացած ընդունվեցինք, նստեցինք իրար կողքի, և այդպես սկսվեց մեր ուսանողական կյանքը: Ավարտեցինք, միասին գնացինք Կապան, այնտեղի թատրոնում կրկին միասին աշխատեցինք: Հետո ես եկա Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որից հետո Գալյան նույնպես եկավ դրամատիկական, հետո արդեն ճակատագրերը մեզ բաժանեցին»,– հիշեց դերասանը:
Գուժ Մանուկյանը նշեց, որ Գալյա Նովենցն իր կերպարները, հատկապես, լավագույնս կերտում էր ֆիլմերում:
«Գալյան բեմում սկզբնական շրջանում լարվածություն ուներ, կինոն նրան բացեց և պատահական չէ, որ հայ մոր կերպարը Գալյան յուրովի ներկայացրեց: Խոսքս Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Մեր մանկության տանգո»–ի մասին է»,- հիշեցրեց Մանուկյանը:
Խոսելով Գալյա Նովենց ընկերոջ մասին՝ Գուժ Մանուկյանը նշեց, որ նա մեղմ էր, բարի, հասնող. «Կարծում եմ, որ այն դժբախտությունները, որ իր կյանքում կատարվեցին, ինչ-որ տեղ ազդեցին նրա առողջության վրա: Նա այնքան փխրուն էր, որ դժվար էր պատկերացնել, թե դրանք կշրջանցեն նրան»:
Գուժ Մանուկյանի խոսքով, թեև իրենք միշտ միասին էին հատկապես երիտասարդական տարիներին, սակայն կինոյում այդպես էլ խաղընկերներ չդարձան։
«Միասին խաղացել ենք մի քանի ֆիլմերում, սակայն չենք եղել անմիջական խաղընկերներ: Իսկ Կապանի թատրոնում՝ 1958-ին, միասին խաղացել ենք «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ»,– ասաց նա:
Դերասան Արմեն Սանթրոսյանը նույնպես բախտ է ունեցել խաղալ Գալյա Նովենցի հետ։ «Մեկ անգամ եմ մեր թատրոնում նրա հետ նույն ներկայացման մեջ խաղացել: Հիշողություններս արտակարգ են, և՛ որպես դերասանուհի, և՛ որպես մարդ, համաշխարհային մասշտաբի դերասանուհի էր»,– ասաց նա:
Արմեն Սանթրոսյանը դերասանուհուն հիշում է որպես ինքնամփոփ, զուսպ, հավասարակշռված, խոհեմ, իմաստուն մարդու։
«Նրանից ոչ մի կոպիտ, բարձր ձայն չէիր լսի, որ ինչ-որ մեկին վիրավորեր, գոռոզանար. այդպիսի բան չկար: Եթե դերի հետ կապված մի նկատողություն անում էր, այնպիսի կիրթ ու նուրբ ձևով էր դա անում, որ հանկարծ չվիրավորի դիմացինին: Չգիտեմ, այդպիսի դերասաններ կլինե՞ն, թե՝ ոչ. մի քիչ կասկածում եմ, որովհետև նա որպես դերասանուհի և որպես մարդ ինձ համար չափանիշ է»,– ասաց Արմեն Սանթրոսյանը:










