«Հայփոստը» Երևանում փոստային երեք բաժանմունք է վերաբացել

18:12 • 25.07.12

Այսօր տեղի է ունեցել Աջափնյակ համայնքի 0036 և 0048 և և Շենգավիթ համայնքի 0086 փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, այս մասին տեղեկացնում են Հայփոստ ՓԲԸ-ից:

 

Աջափնյակի 2 փոստային բաժանմունքները, որոնցից մեկը 45 քմ, մյուսը` 95քմ և Շենգավիթի փոստային բաժանմունքը` 150 քմ տարածքով, համալրել են «Հայփոստի» արդիականացված փոստային բաժանմունքների շարքը:

 

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա են եղել «Հայփոսթ թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Աջափնյակի և Շենգավիթի վարչական շրջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի բնակիչները, ովքեր եկել էին ծանոթանալու իրենց փոստային բաժանմունքի բարելավված պայմաններին:

 

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն Հայփոստի նոր կերպարի: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

 

Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյունում» հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն:


Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին:


«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:


Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե՛ քաղաքաներում, թե՛ հեռավոր գյուղական համայնքներում: