Իրանում թմրամոլը վաճառել է դստերը
Իրանում մի թմրամոլ տղամարդ վաճառել է իր 2-ամյա դստերը երեխա չունեցող մի զույգի, հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով Asriran-ին:
Երեխայի անհետանալու մասին հաղորդագրությունը ոստիկանություն է ստացվել երեխայի մորից, ով նշել է, որ իր երեխան դուրս էր եկել բակ խաղալու և չի վերադարձել:
Օպերատիվ- հետախուզական միջոցառումների ընթացքում կասկածի տակ է առնվել երեխայի հայրը: Պարզվել է, որ նա թմրամոլ է և մշտապես գումարի կարիք է ունեցել:
Առաջին հարցաքննության ժամանակ տղամարդը փորձել է համոզել ոստիկաններին, որ կինը ստում է երեխայի անհետացման մասին, քանի որ նրանք ունեն միայն 8-ամյա որդի: Սակայն ապացույցների ճնշման ներքո թմրամոլը խոստովանել է, որ երեխային տարել է իբր քաղցրավենիք գնելու ու վաճառել մի զույգի:
Զույգն էլ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ թմրամոլն իրենց ասել է, թե իր կինը մահացել է, ու նա չի կարողանում միայնակ հոգ տանել երեխայի մասին: Տղամարդու ու զույգի հանդեպ հարուցվել է քրեական գործ:









